Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ կառավարությունը կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում Սահմանադրական դատարանի որոշումը ուսումնասիրելուց հետո

02.04.2014, 17:22
ՀՀ կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո, նշվում է կառավարության տարածած հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո, նշվում է կառավարության տարածած հայտարարության մեջ։ 

Հայաստանի Սահմանադրական դատարանն ավարտեց մարտի 28–ին սկսված կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարումների  սահմանադրականության հարցի քննարկումը` սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք դրույթներ։ ՍԴ–ն 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը վերջնաժամկետ է սահմանել օրենքներն ու իրավական ակտերը ՍԴ–ի որոշմանը համապատասխանեցնելու համար։ 

«Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում», – նշվում է հայտարարության մեջ։ 

ՍԴ–ին հայցով դիմել էր ՀՀ ԱԺ–ի 36 պատգամավոր։ 

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ` մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը, հաղորդում է ՍԴ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը: 

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։ 

Gallup International Association–ի հայկական գրասենյակի` Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացրած հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-