ՀՀ նախագահը հանդիպել է ԳԴՀ բունդեսթագի նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին կատարած այցի շրջանակում։
Այդի ընթացքում նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Նորբերթ Լամմերթի ավանդը, նշելով, որ վերջինս խրախուսում է խորհրդարանների միջև կապը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահում հայ ժողովրդին վերաբերող հարցերը։
ՀՀ Նախագահը, որպես ասվածի վկայություն, նշել է պարոն Լամմերթի մասնակցությունը Գերմանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ինչպես նաև նրա ելույթը Բունդեսթագի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստին։
Նորբերթ Լամմերթն իր հերթին վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը և դրա շրջանակներում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ, նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու կընդլայնեն համագործակցությունը:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ։
«Ի պատասխան ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Նախագահ Լամմերթի հարցին, Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում տրամադրված խորհրդատվական աջակցության համար»,– նշվում է հաղորդագրությունում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:08 06.04.2016