ՀՀ նախկին նախագահ Քոչարյանը հայտարարում է, որ ԲՀԿ–ի հետ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չի ունեցել։
«Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել», - ասել է նախկին նախագահը։ Քոչարյանի հերթական հարցազրույցը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
Ըստ նրա` ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին
«Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը », - ավելացրել է նա։
Քոչարյանի խոսքով` ԲՀԿ-ի կազմաքանդումը թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք:
«Այդ խնդիրներից շատերի մասին ես արդեն խոսել եմ նախորդ հարցազրույցներում, ուստի չեմ ուզում կրկնվել: Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»,– ասել է նա։
Միաժամանակ Քոչարյանը նշել է երկու դրական քայլ, որոնք, ըստ նրա «իրականում մեզնից կախված չեն:
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը: Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբեջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները», - ասել է նա։
Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:18 08.04.2015