Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

ԵՏՄ–ին միացած Հայաստանի քաղաքացիները ռուսներին հավասար իրավունքներով աշխատանքի իրավունք կստանան ՌԴ–ում

13.01.2015, 15:08
Հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ աշխատանքի իրավունքի հարցում փաստացի հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին, ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՌԴ կառավարությունում։
ԵՏՄ–ին միացած Հայաստանի քաղաքացիները ռուսներին հավասար իրավունքներով աշխատանքի իրավունք կստանան ՌԴ–ում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ աշխատանքի իրավունքի հարցում փաստացի հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին, ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՌԴ կառավարությունում։

Հայաստանը ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիր է ստորագրել 2014 թվականի հոկտեմբերին, փաստաթուղթն արդեն վավերացրել են ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։

«Բացի այն, որ ՀՀ քաղաքացիները ռուս–հայկական համաձայնագրի հիման վրա ազատվել են 30 օրերի ընթացքում միգրացիոն հաշվառման անցնելուց, նրանք  փաստացիորեն աշխատանքի իրավունքի հարցում հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին։ Այսպես, գործատուներն իրավունք ունեն աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավել Հայաստանի քաղաքացիներին` առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու»,– նշում են կառավարությունում։ Միաժամանակ, Հայաստանից մեկնած աշխատողներին պետք չէ ՌԴ–ում աշխատանքային գործունեության իրականացման թույլտվություն ստանալ։

Ռուսաստանում նաև վավերական են համարվում Հայաստանում ստացած կրթության մասին փաստաթղթերը, միաժամանակ, կրթության ճանաչման մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի անցկացում է պահանջվում միայն մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ։ Նշվում է նաև, որ Հայաստանի քաղաքացիներն արտասահմանյան անձնագրերով ՌԴ մտնելիս այն պայմանով, որ նրանց մնալու ժամկետը չի գերազանցում մտնելու ժամկետից 30 օրը, ազատվում են միգրացիոն տեղեկանք լրացնելու անհրաժեշտությունից։

«Հայաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների` Ռուսաստանում ժամանակավորապես գտնվելու ժամկետը սահմանվում է գործատուի հետ աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի գործողության ժամկետով»,– հստակեցրել են նախարարների կաբինետում։ ՌԴ մտնելու պահից 90 օր լրանալուց հետո պայմանագիրը ժամկետից շուտ լուծարելու դեպքում Հայաստանից մեկնած աշխատողն իրավունք ունի ռուսական տարածքը չլքելով` 15 օրվա ընթացքում նոր պայմանագիր կնքել։

Նախարարների կաբինետում նշել են, որ աշխատողների սոցիալական ապահովումը (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է նույն պայմաններով և նույն կարգով, ինչ ՌԴ քաղաքացիների համար։ Աշխատողների աշխատանքային ստաժը հաշվարկվում է ընդհանուր աշխատանքային ստաժում սոցիալական ապահովման նպատակների համար աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։ «Հայաստանից մեկնած աշխատողների և ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովումը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան»,– նշում են կառավարությունում։ -0-