Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՀ վարչապետն անդրադարձել է սոցիալական աջակցության նոր համակարգին

15.01.2020, 18:13
«Աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ». վարչապետ
ՀՀ վարչապետն անդրադարձել է սոցիալական աջակցության նոր համակարգին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը: Այս մասին այդ թվում իր Facebook–յան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր քննարկեցինք սոցիալական աջակցության նոր համակարգ ներդնելու ծրագիրը։ Մեր խնդիրն է ներդնել այնպիսի համակարգ, որը մարդուն քաջալերի հաղթահարել աղքատությունը և ոչ թե մնալ աղքատ»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մասնավորապես, իր ելույթի ընթացքում վարչապետը, սոցիալական աջակցության նոր համակարգի մասին խոսելիս, նշել է. «Շատ կարևոր է արձանագրել այն ռազմավարական և գաղափարախոսական նպատակը, որ մենք դնում ենք ընդհանրապես համակարգի բարեփոխումների նախաձեռնության հիմքում»:

«Իմ գնահատականը, գուցե քաղաքական, բայց այսպիսին է, որ Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը՝ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը: Այսինքն՝ մարդուն, որ նպաստ ենք տալիս, ի՞նչ խնդիր ենք լուծում. մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ, որովհետև մենք ասում ենք՝ տես, եթե հանկարծ պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ կզրկենք աղքատության նպաստից, տես, հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, որովհետև եթե իմանանք, որ դու աշխատում ես և աշխատավարձ ես ստանում, քեզ նպաստից կզրկենք»,– նշել է վարչապետը։

Խոսքը շարունակելով` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջարկվող գաղափարական տրանսֆորմացիայի հատկանիշների մասին. «Մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում: Ես 2018 թվականին մի քանի անգամ տվել եմ գնահատական, կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Դրա համար կա շատ կոնկրետ պատճառ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնալ ու քվեարկել այդ 5000 կամ 10000 դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտին»։

Վարչապետը հարց առաջ  քաշեց, թե ինչով է պայմանավորված աղքատության մեջ հայտնված մարդու կողմից աղքատության հաղթահարման իրենց ձգտումը։ 

 «Շատ պարզ պատճառով, որովհետև մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Մենք մի քանի անգամ նաև հայտարարել ենք, որ աղքատությունը և սրանից բխող հարակից էֆեկտները համարում ենք Հայաստանում ոչ միայն ընդհանրապես տնտեսական զարգացման, այլև ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման մեծագույն խոչընդոտներից մեկը: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրենք նպատակը, թե ինչ ենք ուզում. մենք ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել, որպեսզի ինքը դառնա աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը և քաղաքացիական իրավունքներին հասանելիությունն ապահովող արժանապատիվ և հպարտ քաղաքացի»,– ասաց վարչապետը։ –0–