Հնչակյան կուսակցությունը պահանջում է ՀՀ ԱԳՆ–ից պաշտպանել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերին
24.03.2014,
14:36
Հայկական ավանդական քաղաքական կուսակցություններից մեկը` Հնչակյան սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է ՀՀ ԱԳՆ–ից պաշտպանել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերին, որը թուրքական ագրեսիայի թիրախ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական ավանդական քաղաքական կուսակցություններից մեկը` Հնչակյան սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է ՀՀ ԱԳՆ–ից պաշտպանել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերին, որը թուրքական ագրեսիայի թիրախ է դարձել։
Հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի օր է, ինչ ողբերգական իրադարձություններ են կատարվում Սիրիայի Քեսաբ հայաշատ բնակավայրում։
«Թուրքական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային օրենքներն ու պարտավորվածությունները, գնդակոծել է Քեսաբի հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել, որպեսզի ապստամբները կարողանան գրավել Քեսաբը», – նշվում է հայտարարության մեջ։
Քեսաբն գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, տեղակայված են հայ համայնքին պատկանող բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:
Կուսակցությունից նշեցին, որ Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները վերջինիս հնարավորություն ընձեռեցին հայաթափել հայաշատ բնակավայրը:
«Չնայած ընթացող ողբերգական իրադարձություններին` Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով դեռևս ոչ մի հայտարարություն չի արել։ Հնչակյան կուսակցությունը պահանջում է Հայաստանի ԱԳ նախարարությունից անմիջապես միջազգային հնարավոր բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը», – ընդգծվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ երկուշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հայտարարել է, որ հայաշատ Քեսաբ բնակավայրի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով Հայաստանը կորցնում է Մերձավոր Արևելքի հնագույն համայնքներից մեկը։
Պատգամավորը ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ինչ գործողություններ է մտադիր ձեռնարկել Երևանը, և անհրաժե՞շտ է, արդյոք, ԱԳՆ–ի հետ խորհրդատվությունների անցկացնել այդ թեմայի շուրջ։
Դրան ի պատասխան Աբրահամյանը նշել է, որ իսկապես սիրիահայերի հետ կապված վիճակը բավականին բարդ է։ «Ավելի ճիշտ կլինի հրավիրել արտգործնախարարին կամ ԱԳՆ ներկայացուցչին, ով կներկայացնի իրավիճակը։ Այնուամենայնիվ, Հայաստանը լիազորություններ չունի միջամտելու այլ պետության գործերին», – ասել է նա։
Մարտի 21–ի վաղ առավոտյան «Ջեբհատ ան–Նուսրա» սիրիական ընդդիմության ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնամասշտաբ հարձակում են սկսել Լաթաքիա գավառի ուղղությամբ, որտեղ բնակվում են հայեր և ալավիտներ։ Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ հարձակվել են Սիրիայի վրա Թուրքիայի տարածքից։ ԶԼՄ–ների հաղորդագրությունների համաձայն` ահաբեկչական խմբավորումներին աջակցել է թուրքական բանակը։
Վերջին տվյալներով` մոտ 670 հայկական ընտանիքներ այժմ ապաստան են գտել Լաթաքիայի դպրոցներում և եկեղեցում։–0–