Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հորդանանի թագավորը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները

11.08.2025, 14:01
Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ը իր աջակցությունն է հայտնել Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացին
Հորդանանի թագավորը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։ Այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս/թ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։

Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II–ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին։

Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։