Ղարաբաղյան հակամարտության գոտում ժամանակավոր անդորր կհաստատվի նախագահների` Սոչիում նախատեսված հանդիպումից հետո. պաշտպանության նախկին նախարար
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության գոտում ժամանակավոր անդորր կհաստատվի Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների` օգոստոսի 8-9–ին Սոչիում ծրագրված հանդիպումից հետո, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը։
«Հանդիպումից հետո դրությունը որոշ ժամանակ հանգիստ կլինի, բայց, իհարկե, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն այնուհետև կշարունակվեն»,– չորեքշաբթի ասաց Շիրխանյանը։
Ըստ նրա, Ադրբեջանն այսօր չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ պարտվել է պատերազմում։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:32 06.08.2014