ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը նպատակաուղղված է իշխող կուսակցության դիրքերի ամրապնդմանը. Ժառանգություն
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը նպատակաուղղված է իշխող ՀՀԿ–ի դիրքերի ամրապնդմանը, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։
«Ակնհայտ է, որ Աբրահամյանը գործող համակարգի վառ ներկայացուցիչ է, որն այսօր ամրապնդման կարիք ունի», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով` ՀՀԿ–ի իշխանությունն ամրապնդելու համար կպահանջվի երկու–երեք ամիս։
«Աբրահամյանը լուծումներ առաջարկող վարչապետ չի դառնա։ Եթե ի դեմս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` մենք ունեինք «բարեփոխիչ», ապա Աբրահամյանի դեպքում հարկավոր է մոռանալ դրա մասին», – նշել է «Ժառանգության» փոխնախագահը։
Նա նաև ավելացրել է, որ մյուս կողմից ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում Աբրահամյանի նշանակումը «մեծագույն չարիք չէ»։
«Իհարկե, մի կողմից դա լավ է, որ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, քանի որ ես մտավախություններ ունեի, որ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կնշանակվի չափազանց «ռուսամետ» մի մարդ», – ասել է Մարտիրոսյանը։
«Ընդդիմադիր քառյակի» հետագա գործողությունների կապակցությամբ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այդ քաղաքական ուժերը պետք է շարունակենք իրենց գործունեությունը։
Խորհրդարանի չորս ոչ կոալիցիոն խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը» որոշել էին ապրիլի 28–30–ը Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնել` նման կերպով անվստահության քվե ներկայացնելով կառավարությանը։ Սակայն ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որը նույն օրն ընդունվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
«Կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է շարունակի սկսածը։ Առաջին փուլը կառավարության հրաժարականն էր, այն հաջող անցավ, այժմ հարկավոր է անցնել հաջորդ փուլին` իշխանափոխությանը, որը ևս կարող է հաջողությամբ պսակվել», – պարզաբանել է Մարտիրոսյանը։
Կիրակի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը չբացառեց նոր կոալիցիայի կազմում ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի մասնակցությունը, որոնց հետ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։
Ըստ Սահմանադրության` կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:22 14.04.2014