Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Չլուծված ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ամենահզոր լծակն է. փորձագետ

08.07.2014, 14:57
Չլուծված ղարաբաղյան հակամարտությունն ու Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի պահպանումը շարունակում է Ռուսաստանի և Ադրբեջանի վրա ճնշման ամենահզոր լծակը մնալ, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Չլուծված ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ամենահզոր լծակն է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չլուծված ղարաբաղյան հակամարտությունն ու Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի պահպանումը շարունակում է Ռուսաստանի և Ադրբեջանի վրա ճնշման ամենահզոր լծակը մնալ, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Միակ լծակը և միակ գործոնը, որը քաղաքական հարթությունում կապում է Ադրբեջանին ու Ռուսաստանին, չկարգավորված ղարաբաղյան խնդիրն է, որը, ըստ էության, նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կապող օղակ է»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մինասյանը։

Ըստ նրա, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նաև Բաքվի նկատմամբ ճնշման հզոր լծակ կլինեին Եվրասիական տնտեսական միության շրջանակում, եթե Ռուսաստանը կարողանար ընդլայնել ԵՏՄ–ի սահմանները և այնտեղ ընդգրկեր Ադրբեջանին։

Սակայն, փորձագետի խոսքով, ադրբեջանական հասարակությունը բավականին բացասական է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, և Ադրբեջանի բնակչության սուր տրամադրվածությունը գործնականորեն չի զիջում Վրաստանում հակառուսական տրամադրվածությանը։

Բացի այդ, ինչպես նշեց Մինասյանը, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում և Հայաստանում բոլորը հասկանում են, որ հնարավոր չէ ԼՂՀ–ն տալ Ադրբեջանին ինչ–որ բանի դիմաց, քանի որ Լեռնային Ղարաբաղը չի պատկանում ոչ Ռուսաստանին, ոչ այլ որևէ երկրի։

«Եվ նույնիսկ եթե տեսականորեն պատկերացնենք, որ դա հնարավոր է, ապա, ստանալով Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը հաջորդ իսկ օրը կխզի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,– ավելացրեց նա։

Այդ կապակցությամբ, փորձագետի կարծիքով, Ռուսաստանի ռազմաքաղաքական տրամաբանության տեսանկյունից, ստատուս քվոյի և Ղարաբաղյան չլուծված հակամարտության օգտագործումը միակ լծակն է, որն ապահովում է Ռուսաստանի ռազմաքաղաքական և ռազմավարական ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նման երկարաժամկետ գործընթացներում, որ կարող է դառնալ Եվրասիական միության ստեղծումը, Ռուսաստանը կզոհի արդեն տասը տարի գործող աշխարհաքաղաքական կառուցվածքն ինչ–որ կարճաժամկետ նպատակների համար»,– ասաց Մինասյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-