Հայաստանին ձեռնտու է ՄՄ անդամակցությունը` հաշվի առնելով պատմականորեն ստեղծված առևտրային հարաբերությունները. Կալամանով
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանին ձեռնտու է միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածությանը`հաշվի առնելով ՄՄ երկրների հետ պատմականորեն ստեղծված առևտրային հարաբերությունները, կարծում է ՌԴ էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Կալամանովը։
«Ազատ առևտրի տարրեր ունենալը միշտ էլ շահավետ է...Գոյություն ունեն ազատ առևտրի գոտիներ, ազատ առևտրի ռեժիմներ, նաև գոյություն ունի պատմականորեն ստեղծված առևտրային հարաբերություններ, որոնք ցանկացած դեպքում շահավետ կլինեն պետության համար»,– հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց նա։
Կալամանովը նաև հերքեց այն պնդումները, թե ՄՄ–ին միանալու որոշումը կհանգեցնի նրան, որ պետությունը կկորցնի ինքնիշխանությունը, կամ որ Մաքսային միությունը ԽՍՀՄ–ի «վերամարմնավորումն է»։
Ըստ նրա, ՄՄ–ում քննարկվում են միայն տնտեսական հարցեր, իսկ յուրաքանչյուր երրորդ մասնակից երկրից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում ընդգրկված են հավասար իրավունքներով երեքական նախարարներ։
«Դա նույնիսկ անդրազգային մարմին չէ, այլ մի մարմին, որը հետևում է համաձայնագրերի իրագործմանը, որոնք ստորագրվել են միասնական տնտեսական տարածության շրջանակում»,– ավելացրեց փոխնախարարը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Մինչ այդ նախատեսվում էր, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն ու «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» համաձայնագիրը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:38 03.10.2013