Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Նիկոսիան և Երևանը միասնական են Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում. Կիպրոսի նախագահ

24.04.2015, 13:39
Նիկոսիան և Երևանը միասնական են Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ուրբաթ ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդում` ասաց Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։
Նիկոսիան և Երևանը միասնական են Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում. Կիպրոսի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նիկոսիան և Երևանը միասնական են Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ուրբաթ ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդում` ասաց Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։

Երևանում անցկացվում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։ Դրանց մասնակցում են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից։ Արարողության հյուրերի թվում են` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։

«Բնականաբար, Կիպրոսն ու Հայաստանը միաբան են ցեղասպանություն իրականացրածների դատապարտման հարցում։ Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրների մեկն է... Ես ողջունում եմ (Հայաստանի) նախագահ (Սերժ) Սարգսյանի կարգախոսը, ժամանակն է ճանաչել պատմական փաստերը, քանի որ դրանք ուղի կհարթեն հարևան երկրի հետ հարաբերությունների բարելավման համար և, անկասկած, կնպաստեն խաղաղությանն ամբողջ աշխարհում»,– ասաց Անաստասիադիսը։

Նա հիշեցրեց, որ հարյուր տարի առաջ Կիլիկիան լքած հայ փախստականները, փրկվելով ջարդերից, ապաստան են գտել Կիպրոսում, և այժմ իր հայրենակիցները հպարտ են, որ այդ փախստականների թոռներն այսօր կիպրոսյան հասարակության ակտիվ և նշանակալի անդամներն են։

«Պարոն նախագահ, մենք այստեղ ենք, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որը կարողացավ ողջ մնալ։ Հիշել Ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերին` շատ կարևոր է Հայաստանի և նրա սփյուռքի համար։ Ամբողջ մարդկությունն է կրում այդ պատասխանատվությունը։ Մենք հիշում ենք և պահանջում»,– ասաց Կիպրոսի նախագահը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–