Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Ադրբեջանը կդադարեցնի իր գոյությունը որպես պետություն, եթե պատերազմ սկսի Արցախում. Կոմանդոս

24.03.2015, 14:04
Ադրբեջանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն, եթե պատերազմ ծավալի Արցախում, երեքշաբթի լրագրողներին ասաց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս)։
Ադրբեջանը կդադարեցնի իր գոյությունը որպես պետություն, եթե պատերազմ սկսի Արցախում. Կոմանդոս
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն, եթե պատերազմ ծավալի Արցախում, երեքշաբթի լրագրողներին ասաց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս)։

«Եթե 100 արկ ընկնի Արցախի վրա, ապա դա պակաս արդյունավետ կլինի, քան Ադրբեջանի վրա ընկած 10 արկը։ Գազատարները, խողովակաշարերը և նավթատարները կհայտնվեն վտանգի տակ, Ադրբեջանը չի կարող այդ ամենը կորցնել։ Իսկ հաշվի առնելով, որ ամենը պատկանում է ոչ թե նրանց, այլ հիմնականում ԱՄՆ–ին և Մեծ Բրիտանիային, ապա նրանք իրավունք չունեն դա կորցնելու»,– ասաց Տեր–Թադևոսյանը։

Նա ավելացրեց, որ պատերազմն աղետալի հետևանքներ կունենա ադրբեջանական կողմի համար` հաշվի առնելով հայկական բանակների հզորությունները։

Ըստ նրա` Թուրքիան և Ադրբեջանը մշտապես սադրանքներ են կազմակերպում և նոր սադրանքներ են պատրաստում Արցախի հետ սահմանին։ Կոմանդոսը կարծում է, որ լարվածությունը կնվազի միայն ապրիլի 24–ից հետո։

«Այժմ լարվածությունն աճելու է, կլինեն խոշոր սադրանքներ, բայց պատերազմ չի լինի»,– նշեց Տեր–Թադևոսյանը։

Ըստ նրա, պատերազմը հղի է երկու կողմերից մարդկային մեծ կորուստներով։

Կոմանդոսը միաժամանակ ասաց, որ թուրքական կողմը, որի համար անակնկալ էր աշխարհում Հայոց ցեղասպանության թեմայի ակտիվ քննարկումը, ցանկանում է իրեն ցույց տալ որպես խաղաղապահ, ով, իբր, Հայաստանի հետ «բարեկամական հարաբերություններ» է ցանկանում, իսկ Հայաստանն էլ անընդհատ «շրջվում է» Անկարայից։ Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանի բոլոր խոշոր զորավարժություններն անցկացվում են հենց Թուրքիայի գլխավորությամբ։  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-