Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Լեհաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը

Երեկ, 18:23
Հայաստանի և Լեհաստանի վարչապետները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր
Լեհաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն։

Այցի երկրորդ օրը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպմամբ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը։

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով։ Լեհաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը՝ հատկապես տնտեսության, ենթակառուցվածքների, անվտանգության, կրթության, գիտության և այլ ոլորտներում։

Դոնալդ Տուսկը նաև ընդգծել է Լեհաստանի Կառավարության շահագրգռությունը Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման և խորացման հարցում, այդ թվում՝ որպես Եվրոպական միության անդամ պետություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով Լեհաստանի հետ բազմակողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական համագործակցության խթանումը։ Վարչապետը նաև ընդգծել է Լեհաստանի դերակատարությունը Հայաստան–ԵՄ համագործակցության խորացման գործընթացում։

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, TRIPP նախաձեռնության իրականացման ընթացքին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաների։