Рейтинг@Mail.ru
USD
396.39
EUR
415.73
RUB
4.3378
GEL
140.6
2025 թ. փետրվարի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանը կառուցողական հուն տեղափոխելու համար

22.11.2012, 15:36
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահայկանը  կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ ներկայացնելով ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունը:
ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանը կառուցողական հուն տեղափոխելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահայկանը  կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ ներկայացնելով ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի /ԱՄՆ/, Իգոր Պոպովի /ՌԴ/, Ժակ Ֆորի /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող  հարցեր:

Բակո Սահակյանն անթույլատրելի է որակել հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործի հերոսացումը Ադրբեջանում, այդ պետության կողմից մարդասիրական հարցերի քաղաքականացումը և ռազմատենչ ու ահաբեկչական հռետորաբանությունը`հավելելով, որ դա բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից է:

Նախագահ Սահակյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը:

Սահակյանը հերթական անգամ վերահաստատել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով առկա իրողությունները, կենտրոնանալով դրդապատճառների, այլ ոչ թե հետեւանքների վերացման վրա` նշելով, որ անցյալին վերադառնալու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:  

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0--