Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը լարվել է. ԼՂՀ ՊՆ
13.11.2014,
12:58
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը լարվել է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը լարվել է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է», - նշվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-