Մենք ունենք սեփական փաստերն ու տեղեկատվությունը․ Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանը տվյալներ ունի Ղարաբաղում գործող զինյալների մասին:
Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ շուրջ 4 հազար սիրիացի զինյալներ կռվում են Ադրբեջանի կողմից Արցախում: Ռուսաստանի արտգործնախարարությունը հորդորել է միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար:
«Մենք ունենք այդ տվյալները. սա տեղեկատվություն է, որը մենք ունենք: Հետևաբար, այս պարագայում այն հասանելի է և ներկայացվել է ԶԼՄ-ներում` սոցիալական ցանցերից և համապատասխան հրապարակումներից ստացված նյութերի տեսքով: Բայց այդպիսի մեկնաբանություն անելիս, որը երեկ հրապարակվեց ՌԴ ԱԳՆ կայքում, մենք, անկասկած, ունեցել ենք սեփական փաստերն ու տեղեկատվությունը»,- ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, որ մեկնաբանության մեջ չի ասվում, թե ով է զինյալներին տեղափոխում գործողությունների գոտի, Զախարովան նշել է, որ մեկնաբանությունն ընդհանուր առմամբ հայտնում է այս փաստի կապակցությամբ անհանգստությունը:
«Այս փուլում ես չէի ցանկանա մանրամասներ հայտնել», - ասել է նա:-0-