Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Արցախի և Մերձդնեստրի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվել. ՄՄՀ ԳԽ նախագահ

29.07.2014, 16:35
Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուռլան։
Արցախի և Մերձդնեստրի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվել. ՄՄՀ ԳԽ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուռլան։

«Մենք արդեն վաղուց հատուկ փոխհարաբերություններ ունենք բոլոր հանրապետությունների հետ, որոնք ինքնահռչակվել են Կովկասի տարածքում։ Մեր հանրապետությունների ներկայացուցիչները մշտապես մեկնում են զանազան միջոցառումների Լեռնային Ղարաբաղում, և, հակառակը, մեզ են այցելում Լեռնային Ղարաբաղի պատվիրակություններ»,– ասել է Բուռլան հուլիսի 21-25–ը Տիրասպոլում ԱՊՀ երկրների և Մերձդնեստրի երիտասարդ լրագրողների միջազգային դպրոցի ավարտին։
 
Ըստ նրա` մասնավորապես, Մերձդնեստրի և Ղարաբաղի դիտորդները հետևում են երկու հանրապետությունների ընտրություններին։

«Մենք մասնակցում ենք այս կամ այն հիշարժան տարեթվերի փոխադարձ տոնակատարություններին, օրինակ, Հռչակման օրվան։ Մենք հանդիպում ենք նաև որոշ, եթե կարելի է այդպես ասել, չեզոք հարթակներում։ Բոլորովին վերջերս Մոսկվայում Պետդումայի բազայի վրա կազմակերպվել էին միջխորհրդարանական լսումներ, և այնտեղ են հրավիրվել ոչ միայն ճանաչված երկրների, այլ նաև մեր հանրապետությունների ներկայացուցիչները»,– նշեց ՄՄՀ Գերագույն խորհրդի նախագահը։
 
«Ցավոք, Ղարաբաղի հետ մեզ մերձեցնում է նաև այն, որ չորս հանրապետություններից երկուսը (Աբխազիա և Հարավային Օսեթիա) ճանաչվել են, իսկ երկուսն էլ (Մերձդնեստրը և Ղարաբաղը) դեռևս սպասման վիճակում են։ Այնուամենայնիվ, մենք լավ հարաբերություններ ունենք»,– ավելացրել է նա։
 
Մերձդնեստրի խորհրդարանի ղեկավարի խոսքով` Արցախն ու ԼՂՀ–ն նաև փորձ են փոխանակում օրենսդրության ոլորտում, օգտագործում են որոշ օրենսդրական նրբություններ, որոնց գոյություն ունեն երկու հանրապետություններում։
 
«Ցավոք, և մեր, և Ղարաբաղի դրությունն այնպիսին է, որ, ի տարբերություն Աբխազիայի, մենք դեպի ծով ելք չունենք, որոշակիորեն մեկուսացված ենք, և խոսել ինչ–որ ինտենսիվ առևտրային հարաբերությունների մասին, ցավոք, հնարավոր չէ։ Բայց զուտ մարդկային և քաղաքական փոխհարաբերությունները կան և կլինեն։ Ցանկանում ենք ձեզ` Հայաստանին և Արցախին, խաղաղություն։ Դա ամենակարևորն է, որ զոհեր չլինեն։ Թող լինի բանակցային փուլ, որովհետև ոչ մի զոհ պետք չէ ոչ ձեզ, ոչ մեզ։ Երկար կբանակցենք և, իմ կարծիքով, մեր նպատակներին կհասնենք»,– նշել է Բուռլան։
 
Լրագրության միջազգային դպրոցը կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարությունը` ՄՄՀ նախագահի վարչակազմի աջակցությամբ։ -0-