«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը մարտի 28–ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 28–ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Հանրահավաքը կանցկացվի «Ինքնիշխան իրավական Հայաստան», «Իշխանությունը` ժողովրդին» և «Սահմանադրական հեղափոխություն» նշանաբանների ներքո», – նշել է նա։
Նրա խոսքերով` հանրահավաքը կդառնա Հայաստանում արմատական փոփոխությունների գործընթացի սկիզբը։ Հովհաննիսյանը կոչ է արել միանալ իրեն ոչ միայն քաղաքական ուժերին, այլև հանրապետության քաղաքացիական և հասարակական բոլոր հոսանքներին։
Նա նաև տեղեկացրել է, որ հետագայում կուսակցության հանրահավաքները կրելու են կանոնավոր բնույթ, նա հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին հայկական հասարակությանը, այն քաղաքական ուժերի գլխավորությամբ, որոնք ցանկություն կհայտնեն միանալ ակցիաներին, կհաջողվի հանրապետությունում հասնել ղեկավարության փոփոխության։
«Ժառանգությունը» լիբերալ–դեմոկրատական կուսակցություն է, որը 2002 թ.–ին հիմնադրել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ 2013 թ.–ին Հովհաննիսյանն առաջադրել էր իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, սակայն զիջել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Այժմ կուսակցությունը խորհրդարանում վեց պատգամավոր ունի։
2013 թ.–ի փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում` հավաքելով ձայների 58,64 տոկոսը։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (36,74%), ով պարտվել էր ընտրություններում, չի ճանաչել քվեարկության արդյունքները։ Հովհաննիսյանը, չճանաչելով ընտրությունների արդյունքները, սկսել է բողոքի շարժում, որը ստացել էր «Բարևի հեղափոխություն» անվանումը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:25 21.03.2014