ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները կոչ են անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոջեր Լականը, միասնական ենք ղարաբաղյան հակամարատության` Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման հիման վրա խաղաղ կարգավորման մեր հավատարմության հարցում։ Մենք կրկին հայտարարում ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մեր համատեղ հավատարմության մասին` նշելով, որ դա միակ ուղին է հասնելու տարածաշրջանի ժողովուրդների հետ իրական հաշտության»,– նշվում է ԵԱՀԿ կայքում հրապարակած հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները ողջունում են բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում հոկտեմբերի 19–ին, ինչպես նաև Վիեննայում ՄԽ հովանու ներքո երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։
«Մենք գոհունակություն ենք արտահայտում բանակցությունների աշխուժացման վերաբերյալ և կոչ ենք անում կողմերին կենտրոնացնել ջանքերը քաղաքական կարգավորման հիմնական հարցերում փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ։ Հետագա ուշացումները միայն կբարդացնեն իրավիճակը և կարող են կասկածի տակ առնել կողմերի` ամուր համաձայնության հասնելու հավատարմությունը»,– ասված է փաստաթղթում։
Երկու երկրների`փման գծում լարվածությունը մեղմելու համար լրացուցիչ քալեր ձեռնարկելու հայտարարած պարտավորության վերաբերյալ համանախագահ երկրների ներկայացուցիչները կոչ են անում Բաքվին և Երևանին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը։
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ընդունած մյուս որոշումները նույնպես պետք է իրագործվեն»,– ասվում է փաստաթղթում։
Պատվիրակությունների ղեկավարները ողջունում են նաև համանախագահների` Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը և անհետ կորած անձանց տվյալների փոխանակման մասով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի աջակցությանն ուղղված առաջարկությունների դիտարկումը։ -0-