Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղի» նախաձեռնությանը մասնակցության հարցը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Այսօր, 17:41
Ռուսաստանը ուշադիր հետևում է «Թրամփի ուղի» նախաձեռնության շուրջ զարգացումներին, ասել է Կոպիրկինը
Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղի» նախաձեռնությանը մասնակցության հարցը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը TRIPP նախագծին, հատկապես, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում: Այս մասին «Ռոսիա-24»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով, Ռուսաստանն «ուշադիր հետևում է լայնորեն գովազդվող «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ամերիկա-հայկական նախագծի շուրջ զարգացումներին»։

Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը, հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ համագործակցությունը ՀՀ երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրերի միջոցով աջակցման և զարգացման գործում»,- ասել է նա։

Դեսպանը պարզաբանել է, որ   Ռուսաստանն այս գործընթացի առաջնագծում էր՝ թե՛ սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացում։

«Մենք կարծում ենք, որ այս ոլորտում և, ընդհանրապես, տրանսպորտային ոլորտում կարգավորման առումով համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետ և արդարացի հիմունքներով և, իհարկե, հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը»,- հավելել է նա։

TRIPP նախագծի մասին

 «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։