Նախ պետք է պարզաբանել, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած այն հայտարարությանը, թե ցարական Ռուսաստանի քարտեզներում Սևանա լիճ չկա։
Նա հայտնել է, որ հարցին անդրադառնալու համար նախ պետք է պարզաբանի, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը։
«Ադրբեջանի նախագահի Ձեր ասածը (լրագրողի հարցը, խմբ.) չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ եթե ցարական Ռուսաստանի քարտեզներւմ չկա Սևանա լիճ, կա այլ անուն։ Այս հարցով ինձ անհարմար վիճակում եք դնում նրա համար, որովհետև նախ պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը։
«Երբեմն Հայաստանում և Ադրբեջանում ընկալում և տեսնում են պատմության մի մասը միայն՝ համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է իրենցից՝ լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից՝ լեգիտիմ չէ: Ճի՞շտ են ասում, թե՞ ոչ. այս հարցը ձևակերպելը և փորձելը պատասխանել այս հարցին, ինքնին անհաջողության նախապայման է»,-ասել է վարչապետը։
Վերադառնալով ադրբեջանցիների պատմական տարածքներ վերադառնալու հարցին՝ նա ասել է, որ այն շատ վտանգավոր թեմա է։
«Պատմական հայրենիքի թեման շատ վտանգավոր է, ընդ որում, ընդհանուր, խաղաղության տրամաբանության համատեքստում։ Պատմական հայրենիքը ո՞ր թվականից է սկսվում, նախ պետք է այս հարցը ճշտել»,-ընդգծել է Փաշինյանը։
Նշենք, որ նախօրեին Ալիևը հայտարարել է հետևյալը․ «Որ երկրում ապրել են ադրբեջանցիները, աջակցել են նրանց պետականությանը։ Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզների վրա հստակ երևում է, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք պատրաստել. դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը»։