Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքային առաջարկներ չկան. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքային առաջարկներ չկան, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Համանախագահների կողմից հնչող և ղարաբաղյան հակամարտության` բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված առաջարկներին այլընտրանք պարզապես չկա», - ասել է Նալբանդյանը երկուշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարը նշել է, որ տարածաշրջան կատարած այցելության ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բավականին կոնկրետ գաղափար է ներկայացրել, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՝ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար:
«Ամենայն հավանականությամբ, այդ կոնկրետությունն այնքան էլ Բաքվի սրտով չէ, այդ պատճառով նրանք այլ կոնկրետության են սպասում: Վերջերս, չգիտես ինչու, Բաքվի սրտով չեն համանախագահների հնչեցրած առաջարկները, որոնք վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են` վստահության միջոցառումների ամրապնդումը, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարների դուրսբերումն ու միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ստեղծումը», - ասել է Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ Բաքուն նաև դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հնչեցրած առաջարկներից, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների հինգ հայտարարություններում ձևակերպվել էին որպես մեկ ամբողջություն:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային
Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:48 23.06.2014