Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա. ՀՀ ԱԳ նախարար

12.03.2015, 17:01
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։

«Համանախագահները կոչ էին անում ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմ: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներ ընդունել: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում դուրս բերել դիպուկահարներին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծից և Հայաստան - Ադրբեջան սահմանից: Ադրբեջանը կրկին անգամ հրաժարվեց: Այսինքն` իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հենց Ադրբեջանն է հրաժարվում համանախագահների վերոնշյալ առաջարկություններից, այդ թվում և վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ բոլոր մնացած առաջարկություններից», – հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով` ակնհայտ է, որ Ադրբեջանը հրահրում է լարվածությունը տարածաշրջանում։

«Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական բյուջեն` հասցնելով այն 163 մլն ԱՄՆ դոլարից գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի, ասել է թե` 30 անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն: Դժվար թե հնարավոր լինի գտնել միջազգային հարթակում մի այնպիսի պետություն, որը 30 անգամ մեծացրած լինի իր ռազմական բյուջեն։ Ադրբեջանը ոչ միայն իր ռազմական բյուջեն է մեծացնում, այլև սպառնում է նոր ռազմական գործողություններով, նոր պատերազմով», – ավելացրել է նա։

Այս համատեքստում Նալբանդյանն ընդգծել է, որ պատերազմը խնդրի լուծման միջոց չէ, և բոլոր պատերազմներից հետո պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք շարունակելու բանակցությունները` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Համանախագահները` ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն և Ֆրանսիան, Նախագահների մակարդակով՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հանդես են եկել 5 հայտարարություններով: Հայաստանը պատրաստ է կարգավորման գնալ վերոնշյալ հայտարարությունների հիման վրա», – ասել է նա։

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հունվարի 27-ին համանախագահները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, հանդես եկան հասցեական հայտարարությամբ, որտեղ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։

«Սովորաբար, միջնորդները փորձում են լինել չեզոք և հասցեական հայտարարություններ չանել։ Բայց, քանի որ Ադրբեջանը հատեց բոլոր կարմիր գծերը, հունվարի 27-ին համանախագահները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, հանդես եկան հասցեական հայտարարությամբ, որտեղ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները, կոչ էին անում Բաքվին չքննադատել Մինսկի խմբի համանախագահներին, չքննադատել բանակցային գործընթացը, այսինքն` ցուցաբերել առավել կառուցողական մոտեցում, որպեսզի հնարավոր լինի հասնել կարգավորմանը», – ավելացրել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-