Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցն ավարտվել է Փարիզում

27.10.2014, 19:45
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցն է ավարտվել Փարիզում, այժմ նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցն ավարտվել է Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցն է ավարտվել Փարիզում, այժմ նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

Ավելի ուշ ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Ղարաբաղյան խնդրի քննարկումը եռակողմ ձևաչափով արդեն ընդունված պրակտիկա է։ Նմանատիպ հանդիպումներ սովորաբար անցկացվել են Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Օգոստոսի 10–ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը որոշակիորեն թուլացրել է հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին հայ–ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածությունը։

Սեպտեմբերի 4–ին նմանատիպ հանդիպում է նախաձեռնել ԱՄՆ պետքարտուղարը Նյուպորտում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-