Սարգսյանը ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է 2015-2017 թթ. համատեղ գործողությունների ծրագրի մշակումը
11.12.2014,
20:55
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ քննարկել է 2015-2017 թթ. համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։ Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի` Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի` մեր երկրում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ քննարկել է 2015-2017 թթ. համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։ Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի` Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի` մեր երկրում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Դիվանագետն արդյունավետ է համարել Հայաստանի հետ իր գլխավորած գրասենյակի համագործակցությունը և անցած երկու տարիներին Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեծածավալ աշխատանքը՝ նշելով, որ ժողովրդավարական գործընթացները խորացնելու և ամրապնդելու նպատակով ՀՀ արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկվում է նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու հարցը:
Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Օլեքսանդր Պավլյուկին՝ Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանը պատվով և հաջողությամբ ավարտելու համար։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: -0-