Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Ցեղասպանությունների ճանաչման գործում միջազգային հանրության անհետևողականությունը դրանց կրկնության պատճառներից մեկն է. Սարգսյան

22.04.2015, 12:33
Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային հանրության հետևողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսևորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման գործում,  հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»  ֆորումի բացման ժամանակ։
Ցեղասպանությունների ճանաչման գործում միջազգային հանրության անհետևողականությունը դրանց կրկնության պատճառներից մեկն է. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԱԿ/. Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային հանրության հետևողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսևորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման գործում,  հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»  ֆորումի բացման ժամանակ։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումը կանցնի Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրների ավելի քան 600 ներկայացուցիչ։

«Միջազգային հանրության հետևողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսևորվել իրականացված ցեղասպանությունների ցեղասպան միջավայրի ու ժխտողականության բացառման գործում»,- ընդգծել է նախագահը:

Նրա կարծիքով` որպես ժողովրդավարական արժեքների հենասյուն-կառույցներ կարևոր դերակատարություն ունեն հատկապես խորհրդարանները և խորհրդարանականները:

Նա նշել է, որ այսօրվա համաժողովը քննարկումներին զուգահեռ պետք է հզոր գործնական ուղերձ հղի միջազգային հանրությանն առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար, որ դրանց հետևանքների հաղթահարումն ու կանխարգելումը պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն։

«Անցյալի դասերը մեզ պարզապես պարտավորեցնում են դա անել: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները», – ավելացրել է նա։

Գլոբալ ֆորումի շրջանակում կկազմակերպվի մի քանի նիստ։ «Միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացում» առաջին նիստի շրջանակում կքննարկվի միջազգային իրավունքում «մարդկության հանդեպ հանցագործության» կանխարգելման հայեցակարգի պատմական զարգացման գործընթացը և դրա զարգացման հնարավոր հեռանկարները։

Պատասխանատվության խնդիրներն ու ցեղասպանության հետևանքների վերացումը» խորագրով երկրորդ նիստի շրջանակում կքննարկվեն պատասխանատվությանը, փոխհատուցմանը, իրավունքի և չկրկնվելու երաշխիքների վերականգնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այսօրվա դրությամբ գոյություն ունեցող դրական փորձն ու չլուծված խնդիրները։

Ֆորումի աշխատանքի երկրորդ օրը կկազմակերպվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» լիագումար նիստը։

Ֆորումի համանախագահներն են հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, բարոնուհի Քերոլայն Քոքսը (Մեծ Բրիտանիա)։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–