Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն. ՀՀ նախագահ

22.04.2015, 11:13
Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց  կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումը կանցնի Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրների ավելի քան 600 ներկայացուցիչ։

«Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում հետևողական ջանքեր գործադրելուց զատ մեր արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ակտիվ դերակատարության ստանձնումը», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` դրանով Հայաստանը ևս մեկ անգամ ընդգծել է մարդկային քաղաքակրթությանն անհարիր երևույթների դեմ պայքարում անսասան վճռականության և քաղաքական կամքի ամրագրումը:

ՀՀ նախագահի կարծիքով` ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերում Հայաստանի ակտիվ մասնակցության օրինակներից է ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնած և կոնսենսուսով ընդունված՝ տարբեր տարիների բանաձևերը:

«Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և հենց բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: Ցեղասպանության ժխտումը նաև ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ և իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում», – ավելացրել է նա։

Ֆորումի համանախագահներն են հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, բարոնուհի Քերոլայն Քոքսը (Մեծ Բրիտանիա)։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–