Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանը 2015 թ.–ին պետք է ցեղասպանությունների դեմ ընդհանուր պայքարի հարթակի վերածվի. նախագահ

09.04.2015, 21:10
Հայաստանը 2015 թ.–ին պետք է վերածվի ցեղասպանությունների դեմ ընդհանուր պայքարի հարթակի, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հայաստանը 2015 թ.–ին պետք է ցեղասպանությունների դեմ ընդհանուր պայքարի հարթակի վերածվի. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2015 թ.–ին պետք է վերածվի ցեղասպանությունների դեմ ընդհանուր պայքարի հարթակի, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք ցանկանում ենք կանխել հնարավոր բոլոր ցեղասպանությունները, ցանկանում ենք, որպեսզի ոչ ոք չժխտի տեղի ունեցած ցեղասպանությունները, քանի որ ժխտումն ու անպատժելիությունը հանգեցնում են կրկնության։ Այդ պատճառով ապրիլի 23–ին մենք այստեղ կկազմակերպենք մեծ համաժողով` ցեղասպանությունների դեմ և ուզում ենք լսելի լինել աշխարհի բոլոր անկյուններում», – հայտարարել է ՀՀ նախագահը։

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հոլոքոստի սարսափելի թափանիվը սկսեց պտտվել այն ժամանակ, երբ Երրորդ Ռեյխի ֆյուրերի շուրթերից հնչեց. «Ո՞վ է հիմա հիշում հայերի ոչնչացումը» հռետորական հարցը։

«Հիշենք Կամբոջան...Կարող եմ ևս մի քանի օրինակ բերել։ Կարող եմ անգամ մեր օրերի օրինակ բերել, այն, ինչ հիմա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, ցեղասպանություն է։ Հիմա մի խումբ մարդիկ պարզապես հետապնդում է մի ուրիշ խմբի, որն այլազգի է։ Նրանք ոչնչացնում են հիշողությունը, քանդում են ընտանիքներ, ոչնչացնում են թանգարաններ», – ասել է նա։

Ընդգծելով, որ ցեղասպանությունը դիպել գրեթե յուրաքանչյուր հայկական ընտանիքի` Սարգսյանը նշել է, որ վայրագությունների մասին հիշողությունը հայերի մի քանի սերունդների ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասն է։

«Այդ պատճառով այս տարի, իհարկե, մենք կանցկացնենք բազմաթիվ միջոցառումներ, սակայն դրանք չեն կրի հակաթուրքական բնույթ։ Մենք մտադիր չենք այստեղ հակաթուրքական հիստերիա առաջացնել, ասեմ, որ ես հարգանքով եմ վերաբերվում թուրք ժողովրդին։ Հարկավոր է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի թուրքական ղեկավարությունը ճանաչի Ցեղասպանությունը։ Կարծում եմ, որ դա կլինի հայերի շատ սերունդների գործը, ամեն դեպքում կարծում եմ, որ ոչ մի սերունդ դրանից չի հրաժարվի», – ընդգծել է նա։

ՀՀ նախագահը նաև հայտարարել է, որ աշխարհի առաջատար երկրները պարզապես պարտավոր են քաղաքական պարտավորություններ ստանձնել, որոնք ոչ մի դեպքում չպետք է ենթարկվեն ինչ–ինչ աշխարհաքաղաքական հաշվարկների։

«Քանի որ սա սուրբ նպատակ է` չթույլատրել ազգերի ոչնչացում, չթույլատրել մարդկանց ոչնչացում։ Եվ մենք բոլորս պետք է ըստ անհրաժեշտության և սեփական հնարավորությունների շրջանակում մասնակցենք այդ սարսափելի չարիքի  կանխման գործին», – եզրափակել է Սարգսյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–