Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանի նախագահը համագործակցության առաջնահերթ ուղղություններն է քննարկել ԵՆԲ փոխնախագահի հետ

16.03.2015, 17:35
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համագործակցության առաջնահերթ ուղղություններն է քննարկել   Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը համագործակցության առաջնահերթ ուղղություններն է քննարկել ԵՆԲ փոխնախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համագործակցության առաջնահերթ ուղղություններն է քննարկել   Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախագահը հույս է հայտնել, որ Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և մեր երկրում նրա ընթացիկ գործունեությունը, գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ:

Հանրապետության նախագահը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը և արդեն ձևավորված պորտֆելը` կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ-ից ի վեր բանկի համագործակցության մասին, ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար:

Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին բանկի օժանդակությունը, համակարծիք լինելով, որ Հայաստանն այսօր զարգացման այլընտրանք չունի, քան տնտեսության մրցունակության բարձրացման հաշվին երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալը: Սակայն առանց զարգացած ենթակառուցվածքների, զրուցակիցների համոզմամբ, հնարավոր չէ խոսել մրցունակության և տնտեսական կայուն աճի մասին:

ՀՀ Նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին և առաջիկա քայլերին, այդ համատեքստում կարևորել Եվրամիության օժանդակությամբ Հայաստանում բարեփոխումների օրակարգն առաջ մղելը:--0--