Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանի նախագահը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր է քննարկում

12.03.2015, 15:43
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդատվություններ է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր է քննարկում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդատվություններ է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հինգշաբթի Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի, Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի, ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:

Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ին պրոֆեսիոնալ հանձնաժողովի ձևավորումից հետո, որը զբաղվում է Մայր օրենքի բարեփոխման հարցերով։ 2014 թ.–ի հոկտեմբերի 15–ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Եվրոպայի Խորհրդի երկրներում օրինագծերի վերլուծությամբ զբաղվող Վենետիկի հանձնաժողովը հայեցակարգը լավ հիմք է համարել սահմանադրական բարեփոխումների մասին կոնկրետ առաջարկներ մշակելու համար, որոնք թույլ են տալիս ամրապնդել ժողովրդավարական արժեքներն ու ստեղծել անհրաժեշտ պայմաններ` օրենքի գերակայությունն ապահովելու և մարդու իրավունքները հարգելու համար։

Ըստ հաստատված ժամանակացույցի` հայեցակարգը պետք է հաստատվի ՀՀ նախագահի կողմից, ինչից հետո տասն ամսվա ընթացքում պետության ղեկավարին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթը։ Ավելի վաղ այս հարցին նվիրված հանրաքվե էր նախատեսվում անցկացնել 2015 թ.–ի վերջում կամ 2016 թ.–ի սկզբին։ Սակայն նախագահը դեռ հավանություն չի տվել հրապարակված հայեցակարգին։–0–