Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանի վարչապետի հրաժարականն ընդդիմության ճնշման արդյունք է. Լևոն Տեր–Պետրոսյան

09.04.2014, 19:49
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդդիմության ճնշման արդյունք է, ասել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն iLur.am ինտերնետային պորտալին տված հարցազրույցում։
Հայաստանի վարչապետի հրաժարականն ընդդիմության ճնշման արդյունք է. Լևոն Տեր–Պետրոսյան
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդդիմության ճնշման արդյունք է, ասել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն iLur.am ինտերնետային պորտալին տված հարցազրույցում։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

«Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետևաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում»,– նշեց Տեր–Պետրոսյանը։

Ըստ նրա` վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու և շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։

Խորհրդարանի չորս ոչ իշխանամետ խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», մարտի 19–ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ նիստի արդյունքում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե ներկայացնելու հարցում և որոշել են ապրիլի 28–30–ը Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնել։
Հայաստանի առաջին նախագահը միաժամանակ նշեց, որ վարչապետի հրաժարականի մասին որոշման ընդունման վրա անուղղակիորեն ազդել է նաև հանրապետությունում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումների առիթով քաղաքացիական հասարակության ակտիվացումը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Տեր–Պետրոսյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականը, նախևառաջ, պետք է գնահատել որպես պատմական իրադարձություն, որի կարևորությունը դեռ բավարար չի գիտակցվել հայ հասարակությունում և նույնիսկ հանրապետության քաղաքական շրջանակներում։ -0-