Հայաստանի օմբուդսմենը կոչ է անում միջազգային հանրությանն ուսումնասիրել Քեսաբում մարդու իրավունքների կոպտագույն խախտման դեպքերը

Հայաստանի օմբուդսմենը կոչ է անում միջազգային հանրությանն ուսումնասիրել Քեսաբում մարդու իրավունքների կոպտագույն խախտման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկուշաբթի հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրությանը, որում կոչ է արել ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն Սիրիայի Քեսաբում տիրող իրավիճակի և մարդու իրավունքների կոպտագույն խախտման դեպքերի կապակցությամբ, հաղորդում է օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Արդեն մի քանի օր է`Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։

Օմբուդսմենի ուղերձը հասցեագրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին:

«Սիրիայի  հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի  ունեցել մարտի 22-25-ը:  Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով` եղել են 80 քաղաքացիական զոհեր, բացի այդ, 670 հայ ընտանիքներ և Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել են հարևան Բասիթ և Լաթաքիա», – նշվում է ուղերձում։

Օմբուդսմենը  նաև հիշեցրել է, որ Քեսաբի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909  և 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին  հայերին հեռանալ Քեսաբից:
«Քեսաբի հայերի այսօրվա սպանությունները և տեղահանումն  արդեն երրորդն է նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին», – նշվում է ուղերձում։
 
Ուղերձում նաև նշվում է, որ Քեսաբի դեպքերը պարունակում են 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր։

«Այժմ ավելի քան երբևէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին` ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը  Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար», – նշել է Անդրեասյանը։

Քեսաբը գտնվում է անմիջապես Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, կան հայկական բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ և հիվանդանոցներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:30 31.03.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×