Հայաստանի խորհրդարանը մերժեց կառավարման ճգնաժամի առկայության մասին հայտարարության նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի մերժեց երկրում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Նախագծին կողմ քվեարկել 16 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ է մնացել վեց պատգամավոր։
Համապատասխան նախագիծը ներկայացվել էր ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների կողմից դեռևս 2014թ. հոկտեմբերին։
Երկուշաբթի մեկնարկած նախագծի քննարկումը, ինչպես և սպասվում էր, սուր բանավեճի պատճառ դարձավ մի կողմից` իշխանության և ընդդիմության, մյուս կողմից` հենց ընդդիմության միջև։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկումներին չէր մասնակցում, քանի որ երկուշաբթի առավոտյան բոյկոտեց ԱԺ նիստը` հաշվի առնելով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իշխանության գործողությունները ձախողումների են հանգեցրել բոլոր ոլորտներում` տնտեսությունում, սոցիալական ոլորտում, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությունում։ «Այդ ամենը հանգեցրել է մասսայական էմիգրացիայի։ Դանդաղել չի կարելի, անհրաժեշտ է ընդունել այս հայտարարությունը և գտնել իրավիճակի լուծման ուղիներ»,- ասաց Զուրաբյանը։
Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նախկինում հայտարարության նախագծին աջակցող ԲՀԿ ներկայացուցիչների չներկայանալը վկայում է ընդդիմության մեջ միասնականության բացակայության մասին։
Ընդդիմադիր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին մատնանշեց ընդդիմադիր ուժերի մեջ ճգնաժամի առկայության մասին։ Նրա խոսքերով` քաղաքականություն պետք է գա նոր սերունդը, որը կպայքարի նոր արժեհամակարգի համար։
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի առնվազն 20 տարի։ Նա ասաց նաև, որ երկրում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը հստակ կիմանար, թե ինչպես պետք է գործի, եթե իշխանության գա, և առաջարկեց ընդդիմության սուպերլիդերներին փոխարինել սուպերթիմերով։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:48 25.02.2015