Փաշինյան․ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքները հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում անդրադարձել է ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցին։
Նա նշել է, որ Վաշինգտոնյան հռչակագրով եւ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ–ի տարածքի հետ և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։ Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում», – ասել է վարչապետը։
Նշելով, որ այսպիսի շեշտադրումը կարող է խորթ է հնչել մեր ականջին, և գուցե կարող է նյարդ առաջացնել՝ Փաշինյանը հայտարարել է, որ սա է խաղաղության նոր տրամաբանությունը։
«Սա է այն նոր գինին, որ մենք պետք է լցնենք նոր տիկերի մեջ։ Մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջության մեջ ու նոր հայացքով, որովհետև սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ», – ասել է նա։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։