Փաշինյան․ TRIPP նախագիծը կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել տարածաշրջանի համար
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը:
Ինչպես հայտնում է վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը, հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։
Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։
«Ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Որովհետև կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ, և ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաև բարգավաճ տարածաշրջան»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը։
Անդրադառնալով TRIPP նախագծին և կարևորելով դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, վարչապետը նշել է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։
«Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը` ավելացնելով, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։