Փաշինյանը և Վրաստանի վարչապետը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր:
Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: