Рейтинг@Mail.ru
USD
403.03
EUR
424.19
RUB
3.92
GEL
143.55

Պաշտպանության նախարարը Կասպրչիկի հետ քննարկել է խոցված ինքնաթիռի անձնակազմի ճակատագրերը պարզելուն ուղղված ԵԱՀԿ քայլերը

19.11.2014, 13:44
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում է հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարը Կասպրչիկի հետ քննարկել է խոցված ինքնաթիռի անձնակազմի ճակատագրերը պարզելուն ուղղված ԵԱՀԿ քայլերը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում է հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր: Նոյեմբերի 12–ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինվորականները շփման գծում խոցել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։ Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-