Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Փորձագետը նշել է Հայոց ցեղասպանության նոր բանաձևի 3 առանձնահատկությունները

31.10.2019, 17:07
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած N296 բանաձևը երեք կարևոր առանձնահատկություն ունի, կարծում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
Փորձագետը նշել է Հայոց ցեղասպանության նոր բանաձևի 3 առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած N296 բանաձևը երեք կարևոր առանձնահատկություն ունի, կարծում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունել են թիվ 296 բանաձևը, որով ճանաչում ու դատապարտում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթի կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ` 11–ը, ձեռնպահ է մնացել 3 կոնգրեսական։

Առաջին առանձնահատկությունը, ինչպես նշեց Մանուկյանը, բանաձևի երկրորդ կետն է, որում ասվում է, որ այսուհետ ԱՄՆ–ն ոչ մի ձևով չի առնչվելու Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականության հետ։

Այս համատեքստում փորձագետը պարզաբանեց, որ ավելի վաղ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր նախաձեռնությունները և միջոցառումները բախվել են մերժման և թուրքական կազմակերպությունների կողմից հակահայկական կոշտ ելույթների։

«Այս փաստաթուղթը մեր համայնքին և ԱՄՆ–ի մեր կազմակերպություններին պաշտպանություն է տալիս, այսինքն, նրանք վստահ կարող են ասել, որ այն գործողությունները, այն մերժումը հակասում են ամերիկյան քաղաքականությանը»,– նշեց նա։

Որպես երկրորդ առանձնահատկություն փորձագետը նշեց բանաձևի երրորդ կետը, որի համաձայն, ԱՄՆ–ն խրախուսում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը կրթական և տեղեկատվական աշխատանքում, մասնավորապես, դպրոցների և համալսարանների կրթական ծրագրերում։

«Տվյալ փաստաթուղթը պետական է, այն օրենքի ուժ, իրավաբանական ուժ որպես այդպիսին չունի, բայց ունի քաղաքական մեծ նշանակություն և կարող է օգտագործվել, օրինակ, համալսարաններում Հայոց ցեղասպանության մասին պարապմունքներ անցկացնելու համար»,– ընդգծեց Մանուկյանը։
Երրորդ, փորձագետի խոսքով, ԱՄՆ–ում ընդունել են փաստաթուղթ, որում նշել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Մանուկյանը կարծում է, որ բանաձևը լուծում է հայկական համայնքի ավելի պրակտիկ հարցեր և ներքին կիրառման ամերիկյան փաստաթուղթ է։

«Անշուշտ, այն ընդունել է միայն Ներկայացուցիչների պալատը, բայց մենք պետք է հասկանանք, որ դա արդեն պաշտոնապես ընդունված փաստաթուղթ է, իսկ ամերիկյան դատական համակարգում ընդունված ցանկացած փաստաթուղթ կշիռ ունի»,– ասաց նա։
Մանուկյանի խոսքով, բանաձևն էապես տարբերվում է նմանատիպ այլ փաստաթղթերից` եթե երկրների մեծամասնությունում ընդունվող փաստաթղթերում Հայաստանին և Թուրքիային կոչ է արվում բարելավել հարաբերությունները և լուծել խնդիրները, ապա ԱՄՆ բանաձևում նման կետ չկա։ -0-