Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացման մասին օրենքը

03.10.2014, 18:23
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ստորագրել է ԵՏՄ-ի պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացման մասին օրենքը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ստորագրել է ԵՏՄ-ի պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր ես ստորագրել եմ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքը: Սա զգալի փուլ է մեր մոտ գործընկերների և դաշնակիցների հետ ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքում», - ասել է նա ուրբաթ կառավարության անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Փաստաթուղթը, որն ամրագրում էր Մաքսային միությունից և Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրման հաջորդ փուլ անցնելու մասին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից մայիսին: Այսպիսով՝ ավարտվում է ԱՊՀ-ի տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն կդառնա: Դաշնության խորհուրդը չորեքշաբթի վավերացրել էր այս պայմանագիրը:

Պայմանագրի ուժի մեջ մտնելը կոչված է ապահովել 2015 թ.-ից միության աշխատանքն ու գործարկել ներքին առևտրատնտեսական և համագործակցային կապերի զարգացումը, բարձրացնել ազգային արտադրությունների մրցունակությունն ու ուժեղացնել միության երկրների դերը համաշխարհային տնտեսական համակարգում: Կողմերը մի քանի տարի ընթանում էին պայմանագրերի ստորագրման ճանապարհով: Պայմանագիրը բաղկացած է երկու մասից: Առաջինում ներկայացված են եվրասիական ինտեգրման նպատակներն ու խնդիրները և ամրագրված է միության կարգավիճակը՝ որպես լիաֆորմատ միջազգային կազմակերպություն: Երկրորդ մասը գործնական է, այն կանոնակարգում է տնտեսական փոխգործակցության մեխանիզմներն ու սահմանում է կոնկրետ պարտականությունները՝ ըստ ճյուղային ինտեգրման:

Եվրասիական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակը գտնվելու է Մոսկվայում: ԵՏՄ-ի դատարանը՝ Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորիչը՝ Ալմաթիում: Սպասվում է, որ պայմանագիրը կվավերացվի Ղազախստանի և Բելառուսի կողմից մինչև հոկտեմբերին Մինսկում կայանալիք երեք երկրների առաջնորդների հանդիպումը:

ՌԴ նախագահը, հինգշաբթի ելույթ ունենալով «Россия зовет!"» ներդրումային համաժողովի ժամանակ, նշել է, ստեղծվող Եվրասիական տնտեսական միության մասնակիցների թիվը կաճի: Նա հիշեցրել է, որ ավարտվում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, ակտիվորեն երկխոսություն է տարվում Ղրղըզստանի հետ: Մինսկում հոկտեմբերի 10-ն բանակցություններ են նախատեսված, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Ղրղըզստանին և Հայաստանին միություն ընդունելու հարցը:

Հուլիսի վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵՏՄ-ն բաց է ԱՊՀ երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրման արժեքները:

ՌԴ նախագահի խոսքերով՝ ԵՏՄ-ն սերտ կապեր կհաստատի այլ ինտեգրացիոն կառույցների հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կարող է կայունություն հաղորդել գլոբալ տնտեսությանը, կարծում է ՌԴ նախագահը:-0-