Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են նախագահների հանդիպման հնարավորությունը

24.07.2014, 12:53
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ կարևորել են երկու երկրների առաջնորդների հանդիպումը՝ ղարաբաղյան խնդրի խաղաղ բանակցություններում առաջընթաց ձեռք բերելու համար, նշված է ԵԱՀԿ-ի կայքում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են նախագահների հանդիպման հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ կարևորել են երկու երկրների առաջնորդների հանդիպումը՝ ղարաբաղյան խնդրի խաղաղ բանակցություններում առաջընթաց ձեռք բերելու համար, նշված է ԵԱՀԿ-ի կայքում:

Հուլիսի 22-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են նախագահական գագաթնաժողովի օրակարգի կարևոր կետերը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կարևորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց ձեռք բերելու համար», - նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված միջնորդների հայտարարության մեջ:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են հանդիպումների հնարավորությունը, որոնք կարող էին տեղի ունենալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, ինչպես նաև քննարկել են անվտանգության ապահովման հնարավոր միջոցներն ու ծրագրերը, որոնցում կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները: Միաժամանակ համանախագահները վստահություն են հայտնել, որ նման ծրագրերը նպաստում են վստահության ամրապնդմանն ու ամուր խաղաղության ձեռքբերմանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև լուրջ անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով լարվածության և բռնության դեպքերի, ինչպես նաև խաղաղ բնակիչների սպանության կապակցությամբ: Նրանք համառորեն հորդորել են կողմերին իրենց վրա պարտավորություն վերցնել զոհերից խուսափելու և քաղաքացիական բնակչության դեմ վաղաժամ գործողություններից ձեռնպահ մնալու համար՝ կոչ անելով ջանքեր գործադրել լարվածության լիցքաթափման համար և պահպանել հրադադարի համաձայնագրի պայմանները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-