Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Քրեական գործ է հարուցվել ՀՀ հատուկ ծառայությունների պետերին գաղտնալսելու փաստով

12.09.2018, 15:43
Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ հատուկ ծառայությունների պետերին գաղտնալսելու փաստով

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները։

«ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունն ապօրինի խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը` առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը»,– ասվում է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Երեքշաբթի համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

Վանեցյանը հաստատել է տվյալ ձայնագրության իսկությունը և այն, որ ՀՔԾ ղեկավարի հետ զրույցում իրենք քննարկել են 2008 թվականի մարտի 1-2–ի քրեական գործին վերաբերող հարցեր։ -0-