Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20–ին կլինի Ազատության հրապարակում`անկախ այն փաստից, որ ԲՀԿ–ն հրաժարվել է հանրահավաքից

18.02.2015, 14:19
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չորեքշաբթի հայտարարեց, որ փետրվարի 20–ին ինքը կլինի Ազատության հրապարակում, որտեղ պետք է անցկացվեր ընդդիմադիր ուժերի հանրահավաքը, և կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին։
Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20–ին կլինի Ազատության հրապարակում`անկախ այն փաստից, որ ԲՀԿ–ն հրաժարվել է հանրահավաքից
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չորեքշաբթի հայտարարեց, որ փետրվարի 20–ին ինքը կլինի Ազատության հրապարակում, որտեղ պետք է անցկացվեր ընդդիմադիր ուժերի հանրահավաքը, և կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին։

ԲՀԿ–ի քաղխորհուրդը չորեքշաբթի հայտարարություն է տարածել և չեղյալ հայտարարել փետրվարի 20–ին Ազատության հրապարակում նախատեսված շտապ հավաքը։ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդները` Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, հանրահավաք անցկացնելու որոշում էին ընդունել փետրվարի 15–ին կայացած հանդիպման ժամանակ։

«Բոլոր հետաքրքրող հարցերին կպատասխանեմ ուրբաթ Ազատության հրապարակում։ Ես կլինեմ այնտեղ», – ասաց Հովհաննիսյանը` չմեկնաբանելով ԲՀԿ–ի` հանրահավաքից հրաժարվելու մասին որոշումը։

Հանրահավաքի ժամանակ նախատեսվում էր մշակել լուծումներ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու համար։ Սակայն Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հանրահավաքը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

Հովհաննիսյանն ընթերցեց ուղերձը, որում քննադատել է երկրում ստեղծված սոցիալ–տնտեսական իրողությունները, ինչպես նաև` աշխարհաքաղաքական իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։

«Վերջին երկու տարում մենք նկատում ենք, որ Հայաստանը մեկուսացվել է միջազգային ասպարեզում, գրանցվում է աննախադեպ հետընթաց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և սահմանին մահացու ելքով միջադեպերի թվի աճ», – ասաց Հովհաննիսյանը։

Նա կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և կազմակերպել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել իր հայրենակիցներին բոլոր խնդիրները լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով` նշելով, որ «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե  պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք»։ Ծառուկյանի խոսքով` «միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում»։–0–