Հայաստանը գլխավորել է ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը` զբաղեցնելով 108–րդ տեղը «Աշխարհի պետությունների թուլությունները 2015» վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը գլխավորել է կայունության մակարդակով միջինից բարձր` ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը` 178 երկրների շարքում զբաղեցնելով 108–րդ տեղը «Աշխարհի պետությունների թուլությունները 2015» վարկանիշում` հրապարակված Խաղաղության ամերիկյան հիմնադրամի և Foreign Policy ամսագրի կողմից։
2015 թ.–ի աշխարհի պետությունների թուլություններ վարկանիշն (Fragile States Index 2015) արտացոլում է իր տարածքի ամբողջականությունը վերահսկելու` իշխանությունների կարողությունը (և անկարողությունը), ինչպես նաև ժողովրդագրական, քաղաքական և տնտեսական իրավիճակը երկրում։
Հարկ է նշել, որ Fragile States Index–ի նախորդ տարվա վարկանիշում Հայաստանը կայունության մակարդակով միջինից ցածր` ռիսկերի վտանգավոր մակարդակով պետությունների խմբում էր։ Անբարենպաստ պետությունների ցուցակում (անկայունության բարձր մակարդակ` ռիսկերի ծայրահեղ մակարդակ) ընդգրկվել են 16 երկրներ` Հարավային Սուդանի գլխավորությամբ։
Այնուհետև վարկանիշում կայունության մակարդակով միջինից ցածր` ռիսկերի վտանգավոր մակարդակով պետություններն են։ Այդ ցուցակում են 91 երկրներ` ներառյալ Իրանը (44–դ տեղ), Ուզբեկստանը (51), Տաջիկստանը (57), Ղրղըզստանը (62), Ռուսաստանը (65), Վրաստանը (70), Թուրքմենստանը (78), Ադրբեջանը (80), Ուկրաինան (84), Բելառուսը (87), Թուրքիան (90), Մոլդովան (96)։
Կայունության մակարդակով միջինից բարձր`ռիսկերի ցածր մակարդակով երկրների խմբում (56 պետություններ) Հայաստանից բացի, ընդգրկված են նաև Ղազախստանը` զբաղեցնելով 110–րդ տեղը վարկանիշում։ Պետական ինստիտուտների բարեկեցության և կայունության գոտին ներառում է 15 երկրներ` Ֆինլանդիայի գլխավորությամբ։
Ինդեքսի վերլուծությունն անցկացվում է պետության, այսպես կոչված, «թուլության» 12 չափանիշների հիման վրա, որոնք միավորված են երեք խմբում` սոցիալական, տնտեսական և ռազմաքաղաքական։ Յուրաքանչյուր երկրի համար ամփոփիչ ինդեքսը հաշվարկվում է 0–ից (կայունության ամենաբարձր աստիճան` առավելագույն ցածր ռիսկեր և սպառնալիքներ) մինչև 10 (կայունության նվազագույն աստիճան` առավելագույն ռիսկեր և սպառնալիքներ)` տասը հատվածների կիրառմամբ։ Ընդհանուր արդյունքը` բոլոր ցուցանիշների համագումարը, (առավելագույնը` 120 միավոր) որոշիչ է դառնում վարկանիշը կազմելիս։
Այդպիսով, ըստ այս ինդեքսի` անբարեկեցիկ երկրները բարձր միավորներով գտնվում են վարկանիշի վերին հորիզոնականներում, իսկ բարեկեցիկ երկրները գտնվում են վարկանիշի ստորին հորիզոնականներում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:09 23.06.2015