Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում վերահաստատել են ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման՝ նախորդիվ համաձայնեցված հարցերը

12.09.2025, 18:20
Սա ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Երևանում անցկացրած վեցերորդ հանդիպումն է
Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում վերահաստատել են ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման՝ նախորդիվ համաձայնեցված հարցերը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Այս հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով:

Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։

Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Հատուկ ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:

Եզրափակելով՝ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։