Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ համաձայնության գալ, եթե Բաքուն ողջամիտ գտնվի. փորձագետ

23.07.2012, 17:42
Ռուսական և ադրբեջանական կողմերը կարող են համաձայնության գալ Գաբալայի ԼԿ-ի շուրջ, եթե Բաքուն ողջամիտ գտնվի, կարծում է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ համաձայնության գալ, եթե Բաքուն ողջամիտ գտնվի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական և ադրբեջանական կողմերը կարող են համաձայնության գալ Գաբալայի ԼԿ-ի շուրջ, եթե Բաքուն ողջամիտ գտնվի, կարծում է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Մարտի սկզբին ԶԼՄ-ները տեղեկություն էին հրապարակել, որ Ադրբեջանը պահանջում է բարձրացնել Գաբալայի ՌԼԿ-ի վճարը։ Գաբալինյան ՌԼԿ-ն ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն էր։ Ադրբեջանի անկախացումից և ՌԼԿ-ի սեփականությունը Ադրբեջանին անցնելուց հետո ՌԴ-ն շարունակում էր կայանի օգտագործումը։

Ռուսաստանի կողմից ՌԼԿ-ի վարձակալության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002թ.-ին։ Գործողության ժամկետը սպառվում է 2012թ.-ի դեկտեմբերի 24-ին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Գաբալինյան ՌԼԿ-ի վարձակալությունը մինչև 2025թ.-ը երկարաձգելու վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցություններ անցկացնելու մասին։ Ռուսաստանը հույս ունի մինչև 2012թ.-ի հունիսն ավարտել բանակցությունները, քանի որ նոր համաձայնագիրը պետք է կնքվի հին պայմանագրի գործողության ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ։  

«Այնտեղ շատ ուժեղ արևմտյան ճնշում է գործադրվում, Ադրբեջանին ինչ-որ բան են խոստանում... Բացառված չէ, որ նրանք կարող են համաձայնության չգալ։ Սակայն, եթե Ադրբեջանը ողջամիտ գտնվի, իհարկե, համաձայնության կգան»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Ալեքսանդրովը։

Ըստ նրա, Գաբալան Մոսկվայի աչքին բարձրացնում է Ադրբեջանի արժեքը։  «Եթե չլինի Գաբալան, Ադրբեջանի արժեքը զգալիորեն կնվազի, համապատասխանաբար, կնվազի Մոսկվայի վրա ազդելու հնարավորությունը։ Կարծում եմ՝ Ադրբեջանին դա բոլորովին ձեռնտու չէ։ Գաբալայի համար չարժե զոհաբերել Մոսկվայի հետ ունեցած լավ հարաբերությունները»,- նշեց փորձագետը։

Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևն իր հերթին հիշեցրեց, որ Ռուսաստանը նվազեցնում է իր ներկայությունը Գաբալայում, այնտեղից դուրս են բերվել սպաների ընտանիքները, լուծարվել է դպրոցը։  «Բանակցությունները շարունակվում են, սակայն եթե փողի առումով պաշտոնական Բաքվի կողմից առաջադրված պայմանները պահպանեն իրենց ուժը, ապա կարծում եմ, որ այդ օբյեկտի ներկայությունը մեծ կասկածի տակ կհայտնվի նույնիսկ  միջնաժամկետ հեռանկարում»,- ասաց Արեշևը։

Ըստ նրա, բանակցություններում քաղաքական առևտրի ինչ-որ մասնիկ կա, սակայն այդ հարցը պետք է կապել Լեռնային Ղարաբաղի հետ։ «Դրանք տարբեր հարթության հարցեր են։ Գաբալան առավելապես ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարց է, չնայած այնտեղ արտաքին ազդեցության խառնուրդ կա, իսկ ղարաբաղյան խնդիրն առավել լայն արտաքին քաղաքական համատեքստ ունի և այստեղ ես որևէ փոխանակումների հնարավորություն չեմ տեսնում»,- նշեց Արեշևը։ -0-