Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշումը հասունացել էր. Սաֆրաստյան

Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշումը հասունացել էր. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին որոշումը հասունացել էր, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին;

«Նախագահի որոշումը հասունացած և ժամանակին ընդունված որոշում էր, առավել ևս, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան ավելի է խստացնում իր ժխտողական քաղաքականությունը, անարժան հնարքներ է կիրառում` իր մոտ հրավիրելով պետությունների ղեկավարներին (Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին, որը Թուրքիայում կնշվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը)»,- ասաց Սաֆրաստյանը:

Ըստ նրա` ամենասկզբից այդ արձանագրությունների ճակատագիրը հարցեր էր առաջացնում, իսկ ինչ վերաբերում է փաստաթղթերի ապագային, ապա նախագահի որոշումը ոչինչ չի փոխում:

«Հայ-թուրքական հարաբերությունների ապագայի համար այդ որոշումը որևէ նշանակություն չի ունենա, որովհետև հարաբերություններ` որպես այդպիսիք, չկան, իսկ ինչը որ չկա, ապա դրանց վրա ազդել էլ հնարավոր չէ: Երկու պետությունների միջև բոլոր հարաբերություններն ընդհատված են, և որևէ նշան, որ Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը, ես չեմ տեսնում»,- ասաց Սաֆրաստյանը:

«Ես չեմ կանխագուշակի Թուրքիայի գործողություններն այդ որոշման կապակցությամբ, բայց պարզ է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Անկարան կփորձի այդ իրավիճակն օգտագործել իր քարոզչական արշավում»,- ասաց Սաֆրաստյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացը նախաձեռնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 2008-ի աշնանը։

2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:46 16.02.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×