Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագիծը կդրվի հանրաքվեի. խոսնակ

05.03.2015, 17:42
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագիծը կդրվի հանրաքվեի, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագիծը կդրվի հանրաքվեի. խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագիծը կդրվի հանրաքվեի, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

«Կարծում եմ, որ նախագիծը պատրաստ կլինի աշնանը, սակայն չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ կլինի հանրաքվեն` 2016 թ.–ի աշնանը, թե գարնանը։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ քննարկումների արդյունքում նախագիծը պատրաստ կլինի շրջանառության մեջ դրվելու համար», – ասել է Սահակյանը։

Նրա խոսքերով` քննարկումները կշարունակվեն, քանի որ կան տարբեր մոտեցումներ և մեկնաբանություններ ինչպես ՀՀԿ–ում, այնպես էլ այլ կուսակցություններում։

«Հայեցակարգը ներկայացված է բաց քննարկման, որին կարող են մասնակցել ինչպես «հանրապետականները», այնպես էլ ցանկացած այլ քաղաքական ուժ կամ հասարակական միավոր», – ասել է նա` ավելացնելով, որ բարեփոխումների նախագծի տեքստն ապագայում կհրապարակվի։

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ին պրոֆեսիոնալ հանձնաժողովի ձևավորումից հետո, որը զբաղվում է Մայր օրենքի բարեփոխման հարցերով։ 2014 թ.–ի հոկտեմբերի 15–ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Եվրոպայի Խորհրդի երկրներում օրինագծերի վերլուծությամբ զբաղվող Վենետիկի հանձնաժողովը հայեցակարգը լավ հիմք է համարել սահմանադրական բարեփոխումների մասին կոնկրետ առաջարկներ մշակելու համար, որոնք թույլ են տալիս ամրապնդել ժողովրդավարական արժեքներն ու ստեղծել անհրաժեշտ պայմաններ` օրենքի գերակայությունն ապահովելու և մարդու իրավունքները հարգելու համար։

Ըստ հաստատված ժամանակացույցի` հայեցակարգը պետք է հաստատվի ՀՀ նախագահի կողմից, ինչից հետո տասն ամսվա ընթացքում պետության ղեկավարին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթը։ Ավելի վաղ այս հարցին նվիրված հանրաքվե էր նախատեսվում անցկացնել 2015 թ.–ի վերջում կամ 2016 թ.–ի սկզբին։ Սակայն նախագահը դեռ հավանություն չի տվել հրապարակված հայեցակարգին։–0–