Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ․ԱԳՆ

19.03.2025, 13:37
Հայաստանը ուժային սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղա Անի Բադալյանը
Սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ․ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը ուժային սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղա Անի Բադալյանը՝ մեկնաբանելով «Արմենպրեսի» հարցն այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ։ 

«Ուժային սցենարի, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ», – հայտարարել է Բադալյանը։

Բադալյանը հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։

«Այս համատեքստում մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան, և այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին, սակայն, Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել», – նշել է նա։

Բադալյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին», – ընդգծել է Բադալյանը։