Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Սարգսյանի և Ալիևի` Փարիզում նախատեսված հանդիպման նպատակը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից հետո երկխոսություն ապահովելն է. ԶԼՄ

27.10.2014, 12:40
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը երկուշաբթի Փարիզում բանակցություններ կվարեն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Սարգսյանի և Ալիևի` Փարիզում նախատեսված հանդիպման նպատակը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից հետո երկխոսություն ապահովելն է. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը երկուշաբթի Փարիզում բանակցություններ կվարեն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Բանակցությունները կընթանան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, եռակողմ հանդիպումը, որին կմասնակցի նաև Օլանդը, տեղի կունենա Ելիսեյան պալատում:

«Հանդիպման նպատակն է ապահովել կողմերի երկխոսությունը երկու ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրումից հետո», - նշում է «Ֆրանս Փրես» գործակալություն՝ հաղորդելով, որ բացի եռակողմ հանդիպումից, Օլանդը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այնուհետև Սարգսյանն ու Ալիևը առանձնազրույցի հնարավորություն կունենան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Իսկ  ճաշի ժամանակ երեք երկրների առաջնորդները կքննարկեն կովկասյան տարածաշրջանի ապագային վերաբերող գլոբալ հարցեր:

Ղարաբաղյան խնդրի քննարկումը եռակողմ ձևաչափով արդեն ընդունված պրակտիկա է։ Նմանատիպ հանդիպումներ սովորաբար անցկացվել են Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Օգոստոսի 10–ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը որոշակիորեն թուլացրել է հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին հայ–ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածությունը։

Սեպտեմբերի 4–ին նմանատիպ հանդիպում է նախաձեռնել ԱՄՆ պետքարտուղարը Նյուպորտում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-